ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԲԱ՞ՐԴ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԲԱ՞ՐԴ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
22.01.2010 | 00:00

Քաղաքական բովանդակություն ունեցող հրապարակումներում, քիչ թե շատ համակարգային ձևով, սկսել են ի հայտ գալ հոդվածներ, ուր ոչ միայն արտահայտված են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններն ու գործընթացները` ամենից առաջ հայ-թուրքական հարաբերությունների մասով, այլև հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ներկայացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում, իբրև հաշվարկված, հավասարակշռված, հետևողական և նույնիսկ, ինչ-որ չափով, ԱՄՆ-ի հետ պայմանավորված։ Մասնավորապես, այդ նպատակն է ակնհայտորեն հետապնդում «Ռեգնում» լրատվական գործակալությունը, որը, հավանաբար, լիովին բավարարված չէ հրապարակում եղած մեկնաբանություններով և որոշել է ամփոփել Ռուսաստանի արտգործնախարարության «փայլուն» օպերացիայի արդյունքները։
Նշվում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրենց նոր հարաբերությունների «վերաբեռնման» համատեքստում, մտահոգված 2008-ի օգոստոսի ռուս-վրացական հակամարտությամբ ու հետագա իրադարձություններով, պայմանավորվել են մասնագիտական բաժանում իրականացնել։ Այն է` հայ-թուրքական հարաբերությունները համակարգելու է ԱՄՆ-ը, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մնալու է Ռուսաստանի պատասխանատվության ներքո։ Միաժամանակ ընդգծվում են ռուսական նախաձեռնությունների բոլոր տապալումները և, ամենից առաջ, մայնդորֆյան հռչակագրի ապարդյունությունը։
Իրականում շատ դժվար է ռուսական քաղաքականությունն այսօր համարել բազմապլան, իսկապես, հեղինակավոր և հաջողված, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքականությունը, որը շարունակում է «արգելակվել» Թուրքիայի հետ հարաբերություններում, չխոսելով արդեն Ադրբեջանի մասին։ Այն պնդումը, թե տարածաշրջանում «տեկտոնական տեղաշարժեր» են եղել, խիստ կասկածելի է, քանի որ ընդամենը տեղի է ունենում թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը, որը նպատակ ունի մեծացնելու Թուրքիայի ինքնուրույնությունը և դուրս գալու ԱՄՆ-ի ազդեցությունից։ «Հայկական գործոնին» նոր նշանակություն և բովանդակություն հաղորդելու ԱՄՆ-ի նպատակների մասին բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, և այդ տեսակետը, իբրև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բազային վարկած, ավելի ու ավելի է գտնում իր հաստատումը։ Միևնույն ժամանակ, ռուսական քաղաքականությունը մինչ այժմ մնացել է ամերիկյան նախաձեռնությունների ստվերում, և Վ. Պուտինի ու Ս. Լավրովի հայտարարությունները հիմնախնդիրների այդ հանգույցի վերաբերյալ մտահոգություններ առաջացրին ու հանգեցրին Ռուսաստանի այդ դիրքորոշման քննարկմանը, որը, իբր, ոչ մի կերպ չի համապատասխանում ռուս-թուրքական «նոր» քաղաքական հարաբերություններին։
2008-ի նոյեմբերի սկզբին, Ռուսաստանի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված մայնդորֆյան հռչակագիրը, դատապարտված էր տապալման մինչև ստորագրումը։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ֆունկցիոներներն այն ժամանակ Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հակված էին բացատրելու Հարավային Օսիայում հակամարտությունից հետո խաղաղարարի հեղինակություն ձեռք բերելու նպատակով, ինչը զուրկ չէր տրամաբանությունից։ Միանգամայն հնարավոր է, որ միջազգային բեմահարթակներում հիմնախնդիրների առաջացման խորապատկերի վրա, նկատի ունենալով նաև հարաբերական մեկուսացման վտանգը, Ռուսաստանը կցանկանար ներկայացնել իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում մի քիչ այլ, խաղաղարար նախաձեռնությամբ։ Միևնույն ժամանակ Մոսկվան խիստ զգուշանում է Ղարաբաղի հարցում ամերիկացիների կողմից նոր նախաձեռնությունների առաջքաշումից և համարում դա բացարձակապես անթույլատրելի։ Բայց նույնիսկ դա չէ, որ դարձել է ղարաբաղյան հարցը լուծելու ռուսական փորձերի հիմնական շարժառիթը։ Ռուսաստանի այդ նախաձեռնությունն անմիջականորեն պայմանավորված էր Թուրքիայի հետ նրա հարաբերությունների զարգացումով։ Ռուսաստանը ենթադրում էր, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում ինքը կկարողանա նոր փոխհարաբերություններ կառուցել տարածաշրջանում և պայմանավորվել Թուրքիայի հետ ամերիկյան նախագծերի տապալման ու ամերիկացիներին, թեկուզ մասնակիորեն, տարածաշրջանից դուրս մղելու վերաբերյալ։ Ռուսաստանի համար գոյություն ունեն աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական խնդիրներ, տնտեսական պրոբլեմների նշանակությունը գնալով աճում է։ Հարկ է նկատել նաև ռուսական քաղաքականության «էկոնոմիզացիան», դրա պայմանավորումը ռուսական արդի էլիտայի անձնական ու խմբակային շահերով։
Այն ամենը, ինչ տեղի էր ունենում Ռուսաստանի քաղաքականության մեջ 2008-2009-ին` հարավային ռազմավարական ուղղությամբ, ենթակայացված էր որոշակի նպատակների, որոնց թվում առաջնային էին Թուրքիայի հետ հարաբերությունները։ Այդ փուլը բնութագրվեց ռուս-թուրքական հարաբերությունների բավական բարձր դինամիկայով, շփումներով, համաձայնություններով ու փոխզիջումներով տարբեր հարցերի շուրջ։ Ընդ որում, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը, կցանկանային, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի ունենար յուրաքանչյուրն իր սցենարով, այլ ոչ թե Մոսկվայի և Վաշինգտոնի միջև քողարկված կամ հրապարակային որոշ պայմանավորվածությունների արդյունքում։ Մոսկվան բավարար մշակված սցենար չուներ։ Ինչպես պարզվեց, Վաշինգտոնի սցենարն էլ, եթե կեղծ չէր, ապա, համենայն դեպս, համարժեք չէր տարածաշրջանի պայմաններին և այնտեղ գոյություն ունեցող գործոններին։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեն վերլուծական եզրակացություններ, որոնք ապացուցում են, որ Ռուսաստանին խորթ էր Թուրքիայի նպատակներն ու շահերը ղարաբաղյան հիմնախնդրին կապելու գաղափարը։ Եթե Ռուսաստանը հնարավորություն ունենար հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Թուրքիայից ռազմավարական ու մարտավարական սկզբունքային զիջումներ պոկելով, դա կլիներ ռուսական քաղաքականության խոշորագույն ձեռքբերումը։ Այդպիսի դիվանագիտական ձեռքբերումը հնարավորություն կստեղծեր անտեսելու ԱՄՆ-ի և Եվրոպան ներկայացնող Ֆրանսիայի իրական դիրքորոշումները և պայմանավորվածություններ ձևավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից դուրս։ Սակայն Մոսկվայում, ի բարեբախտություն Ռուսաստանի և Հայաստանի, շատ արագ հասկացան, որ իրենց մտադրությունները բացարձակապես իրական չեն, և Ղարաբաղի «հանձնումն» է, որ իսկապես կհանգեցներ «տեկտոնական տեղաշարժերի»` Ռուսաստանի համար Հարավային Կովկասն ամբողջությամբ կորցնելու հեռանկարով։
Չնայած մայնդորֆյան հռչակագրի ստորագրումը չհանգեցրեց սկանդալային և ակնհայտ տապալման, Մոսկվայի քաղաքական շրջանակներում հասկացան, որ տարածաշրջանային քաղաքականության մեջ անգամ շատ ավելի փոքր կշիռ ունեցող պետությունների հետ հարաբերություններում կարող են առաջանալ ակնհայտ պրոբլեմներ և այսուհետ պետք է զգույշ լինել։ Սակայն գլխավոր ու անսպասելի տհաճությունը դարձավ, թեկուզ ձևական ֆորմատով, Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներին։ Թուրքիան, Ռուսաստանի հավանությամբ ու համաձայնությամբ, առաջ քաշեց տարածաշրջանային կայունության իր նախաձեռնությունը և դրանով իսկ լուրջ հայտ ներկայացրեց տարածաշրջանում իր նոր դերակատարության։ Ռուսաստանի հույսերը, որ այդ նախաձեռնությունն իր կողմից ամբողջությամբ կվերահսկվի, ոչ մի հիմնավորում չունեին։ Թուրքիան պատրաստվում է խաղը տանել լրջորեն` նկատի ունենալով ռազմավարական հեռանկարը։ Ընդ որում, Ռուսաստանը դիտորդի դերում շարունակում էր հետևել, թե ինչպես ԱՄՆ-ն առանց զիջումների շարունակում էր իր «հովանավորչական» քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։ Միաժամանակ Եվրամիությունը, ամենից առաջ` Ֆրանսիան ու Գերմանիան, շարունակեցին անտեսել Թուրքիայի կարծիքն ու շահերը մի շարք կարևոր խնդիրների հետ կապված, և այդ հանգամանքները զգալի ազդեցություն ունեցան Թուրքիայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վրա։
Թուրքիայի ներկայիս միջազգային և ներքին դրությունը խիստ հակասական է։ Տնտեսական զարգացման զգալի ծավալները և բարձր տնտեսական դինամիկան գոյություն ունեն այն դեպքում, երբ մակրոտնտեսական կայունությունը խիստ ցածր է, կան արտաքին ու ներքին ահռելի պարտքեր, արդյունաբերության զարգացումը տարածաշրջանային առումով բոլորովին էլ համաչափ չէ։ Պարադոքս է և այն, որ Թուրքիան, ցուցաբերելով տնտեսական աճի ընդունակություն, այդպես էլ դուրս չի գալիս 1990-ականների վերջին, 2000-ականների սկզբին սկսված ֆինանսատնտեսական ճգնաժամից, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև սոցիալական խնդիրների վրա։ Վերջին երկու տարիներին Թուրքիայի ՀՆԱ-ի բացարձակ անկումը եղել է 10 տոկոս, և սպասումները բոլորովին էլ լավատեսական չեն։ Թուրքական հասարակությունը տարաբաժանված է ոչ միայն սոցիալական առումով։ Սոցիալական, էթնոքաղաքական և տարածաշրջանային պրոբլեմները համադրված են, պառակտվում են նույնիսկ ավանդաբար կայուն և ներքին իմաստով համախմբված սոցիալ-քաղաքական խմբերը, այդ թվում` առաջատար քաղաքական կուսակցությունները, ռազմական և մտավորական շերտերը։ Անգամ կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ նկատելի է համախմբվածության պակաս, ավելի է դրսևորվում շփոթվածությունը և հնարավոր հեռանկարները չընկալելու հանգամանքը` հատկապես արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքիայում ամրապնդվում է կրոնական ու ազգային ծայրահեղականությունը` ինտեգրված վերազգային կառույցներին։ Միանգամայն պարզ է, որ Թուրքիայում իրականացվում է ուժեղ ներքին քայքայման աշխատանք, ինչը նախաձեռնել են շահագրգիռ արտաքին ուժերը։ Հնարավոր է, որ այդ գործունեությանը մասնակից են Արևմուտքի և Մերձավոր Արևելքի առաջատար պետությունների հետախուզական ծառայությունները, որոնք տարաբնույթ նպատակներ ունեն, սակայն արդյունքում փլուզվում է Թուրքիայի քաղաքական ու հասարակական կյանքը։ Թուրքիան իր խնդիրները կարգավորելու բավականին մեծ դաշտ ունի` ներառյալ էթնիկական և կրոնական տարբեր խմբերի հետ անհրաժեշտ աշխատանքը։
Նոր արտաքին քաղաքական հավակնություններ դրսևորելով և ձգտելով ավելի լուրջ դիրքերի տարածաշրջանում և աշխարհում` Թուրքիան, այնուհանդերձ, իր բոլոր խոցելի կողմերով մեծ վտանգ չի ներկայացնում արտաքին աշխարհի համար։ Այդ «անվնասակարությունը» թույլ է տալիս համաշխարհային ուժային կենտրոններին ու այլ պետությունների անտեսել Թուրքիայի շահերը, մշտապես արհամարհել դրանք, նրա համար նախանշել երկրորդական դեր` առաջատար պետությունների քաղաքականության մեջ։ Այդ հանգամանքը բավականին բացահայտ ընդգծում են ամերիկյան քաղաքագետներն ու փորձագետները, որոնք, ի դեպ, կա՛մ էթնիկ թուրքեր են, կա՛մ էլ շատ մոտ են կանգնած թուրքական քաղաքական շրջանակներին։ Մասնավորապես, այդ իրողությունը շատ մանրամասն ընդգծված է Բրուկինգի ինստիտուտի և Մերձավորարևելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի հրապարակումներում, ինչպես նաև Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի նյութերում։ Բարաք Օբաման ավելի շուտ փորձում է հուսադրող ազդակներ հաղորդել Թուրքիային հարաբերությունների կարգավորման առումով, քան իրական քայլեր է կատարում այդ ուղղությամբ։ Վերոնշյալ հաստատությունների ամերիկյան փորձագետները պնդում են, որ Բարաք Օբամայի մտադրությունները, Թուրքիայի հետ կապված, այնքան պարզունակ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից և բարեկամական ռեպլիկներից։ Դեմոկրատ նախագահը, իր գաղափարախոսական համոզմունքներից ելնելով, կարող է իրականացնել ամենաանսպասելի քայլերը` ներառյալ 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչումը։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, որոշակիորեն ոգևորելով մեկը մյուսին Թուրքիայի հավակնությունների զսպման ուղղությամբ միաժամանակ, անկասկած, որոշակի առումով, լռության համաձայնագիր են կնքել, ինչը Թուրքիայի կացությունը դարձնում է ավելի բարդ ու խոցելի։ Եթե նախկինում Անկարան հույս ուներ, թե կարող է խուսանավել ու հավասարակշիռ քաղաքականություն իրականացնել ԱՄՆ-ի և Եվրամիության միջև` Թուրքիայի ավանդական արտաքին քաղաքականությանը համապատասխան, ապա այժմ այդպիսի դրսևորումների համար չկա անհրաժեշտ ազատության աստիճան։
Ռուսաստանը, հետևելով հիշյալ քաղաքական զարգացումներին, ուր Թուրքիան աշխատում է ձեռք բերել նոր արտաքին քաղաքական դիրքեր, չի կարող գնալ բացարձակապես չհիմնավորված զիջումների մի երկրի նկատմամբ, որը հայտնվել է շատ բարդ իրավիճակում։ Եթե դիտարկենք այն կոնկրետ պրոբլեմները, որոնք գոյություն ունեն ռուս-թուրքական հարաբերություններում, ինչպես նաև ենթադրյալ ծրագրերն ու նախաձեռնությունները, ապա Ռուսաստանն այդ խնդիրների իրագործման բոլոր հնարավորություններն ունի` առանց սկզբունքային կամ մասնակի զիջումներ անելու Թուրքիային։ Անկարան խիստ շահագրգռված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, և կարելի է վստահաբար պնդել, որ ժամանակի ընթացքում կպարզվի, թե հենց Թուրքիան է Ռուսաստանին շատ զիջումներ արել` նպատակ ունենալով նոր դիրքեր ձեռք բերել գեոտնտեսական դաշտում։ ՈՒնենալով ոչ փոքր տարածք, Թուրքիան իրականում սակավ ռեսուրսներ ունեցող երկիր է, չունի ածխաջրածինների, մետաղների, փայտի նշանակալի պաշարներ, նրա ագրարային ռեսուրսներն էլ, չնայած գյուղատնտեսական արտադրանքի աճին, բավական սահմանափակ են։ Եվրասիայի ու Մերձավոր Արևելքի ոչ մի պետություն, բացի Ռուսաստանից, ի վիճակի չէ Թուրքիային տրամադրելու էներգիայի, հումքի անհրաժեշտ պաշարները և, միաժամանակ, լինելու սպառման շուկա։ Ժամանակակից թուրքական տնտեսությունը, հատկապես վերջին երկու տասնամյակներում, զգալիորեն կողմնորոշված է դեպի ռուսական շուկաները։ Ռուսաստանը կարիք չունի զիջումներ անելու Թուրքիային ո՛չ Սևծովյան ավազանում, ո՛չ Կովկասում, ո՛չ էլ Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանն Արևմուտքի առաջատար պետությունների մրցակիցն է էներգետիկ և կոմունիկացիոն նախագծերի առաջքաշման և իրագործման առումով։ Ընդ որում, նրա նախաձեռնություններն ավելի իրատեսական են ու քիչ ծախսատար։ Ըստ այդմ, ճիշտ հակառակը` Թուրքիան պետք է շատ զիջումներ անի Ռուսաստանին, ամենից առաջ իր հետախուզական ծառայությունների գործունեության առումով Հյուսիսային Կովկասի ու Պովոլժիեի տարածաշրջաններում, ինչը վաղուց և էապես անհանգստացնում է Ռուսաստանին, որպես նրա ազգային անվտանգության համար իրական և լուրջ սպառնալիք։
Պետք է գիտակցել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, հասկանալով հայ-թուրքական սահմանի բացման անխուսափելիությունը, այնուհանդերձ, կցանկանային դա ամրագրել իրենց քաղաքական «հաշվեհամարին»։ Ընդ որում, Ռուսաստանին և ԱՄՆ-ին միաժամանակ անհրաժեշտ է կատեգորիկ կերպով տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Ինչի վրա էլ Ռուսաստանը կառուցում է իր քաղաքականությունը` ԱՄՆ-ի «բարեհաճ» հայացքի ներքո, ինչը ներկայացվում է որպես Ռուսաստանի հետ համաձայնություն։ Չնայած Թուրքիայի հետ պայմանավորվածությունների հասնելու Ռուսաստանի ձգտումներին, նրա քաղաքականությունը կարող էր ավելի արդյունավետ լինել ընդդեմ Թուրքիայի «դավադրության» ձևավորման պայմաններում, և դրան Ռուսաստանը օբյեկտիվորեն կարող էր միանալ։
Ռուսական քաղաքական գործիչների ավելի քան որոշակի հայտարարությունները հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և դրանք միմյանցից տարանջատելու վերաբերյալ, Ռուսաստանի համար իր անվտանգության և շահերի ամրապնդման կարևորագույն փուլի սկիզբն են։ Մոսկվան լրջորեն մտահոգված էր տարածաշրջանում Թուրքիայի հավակնություններով, ինչը հետևանք էր Ռուսաստանի այն վարչական շրջանակների կոպիտ սխալների, ովքեր «էկոնոմիզացիայի» են ենթարկել ռուսական արտաքին քաղաքականությունը։ Այդպիսի «էկոնոմիզացիան» կարող էր բազային նախապայման դառնալ ոչ մեծ նավթարդյունաբերող պետությունների արտաքին քաղաքականության մեջ։ Բայց ոչ մի դեպքում այնպիսի երկրի, ինչպիսին Ռուսաստանն է։ Այդ պատճառով էր անհրաժեշտ ոչ միայն գունազարդել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, այլև մատնանշել նրա սխալները, դրանց պատճառները, աղբյուրներն ու գործոնները։ Ինչպես նաև` որոշակիացնել այդ քաղաքականության առաջնահերթությունները, որոնք ներկա պայմաններում ակնհայտորեն տարբերվում են իրենց նոր բովանդակությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ